ՀՀ կողմից պայմանագրի դադարեցման դեպքում ակնկալում ենք ներդրումների վերադարձ․ ՌԺԴ-ի ղեկավար

ՀՀ կողմից պայմանագրի դադարեցման դեպքում ակնկալում ենք ներդրումների վերադարձ․ ՌԺԴ-ի ղեկավար

Ռուսական երկաթուղիների (ՌԺԴ) ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, որ ընկերությունը ամբողջությամբ կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ հանրապետության բյուջեն ազատելով դրա վերականգնման և պահպանման ծախսերից»,- ասել է Բելոզերովը։

Նրա խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղուց» ՌԺԴ-ին երբևէ շահաբաժիններ չեն վճարվել։

«Ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- նշել է նա։

Բելոզերովը հայտարարել է, որ ՌԺԴ-ն մտադիր է շարունակել պահպանել Հայաստանի հետ գործող երկաթուղային կոնցեսիայի պայմանները։

«Եթե պայմանները փոխվեն կամ կոնցեսիան դադարեցվի, մենք իրավունք ունենք ակնկալել ներդրումների վերադարձ»,- ասել է ՌԺԴ-ի ղեկավարը։

Նա նաև ընդգծել է «Հարավկովկասյան երկաթուղու» նշանակությունը՝ նշելով, որ այն Հայաստանի խոշորագույն ազգային գործատուներից մեկն է։

Բելոզերովի ներկայացմամբ՝ 2008-2025 թվականներին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» միջոցներով իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար։

Անդրադառնալով հայկական երկաթուղու վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին տեղեկություններին՝ Բելոզերովը նշել է, որ ՌԺԴ-ն այդ մասին տեղեկացել է մամուլից։

«Մենք զարմանքով և տարակուսանքով իմացանք այդ տեղեկությունների մասին մամուլից»,- ասել է նա։

ՌԺԴ-ի ղեկավարը հավելել է, որ Դեբեդ գետի վարարումից հետո Հայաստանի հյուսիսում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Ռուսաստանի պահուստային ֆոնդի միջոցներով։

Leave a comment