Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փոխել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փոխել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
« Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,- գրել է Մելիքյանը։
Աշոտյանը անազատության մեջ էր գտնվում 2023 թ.-ի հունիսից՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի գործունեության հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Քաղաքական գործիչը մեղքը չի ընդունում՝ քրեական հետապնդումն անվանելով քաղաքականապես ուղղորդված։