ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը

ՖԻԲԱ-ի նախագահ Շեյխ Սաուդ Ալի Ալ Թանին, գլխավոր քարտուղար Անդրեաս Զագլիսը, ինչպես նաև ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսան և գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Նազարյանին և գլխավոր քարտուղար Մերի Պողոսյանին՝ շնորհավորելով նրանց հուլիսի 29-ին կայացած արտահերթ ժողովի ընթացքում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

ՖԻԲԱ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի ղեկավարներն իրենց ուղերձներում ընդգծել են, որ ուրախ են ողջունել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությանը և վստահություն են հայտնել, որ Արթուր Նազարյանի ու Մերի Պողոսյանի փորձը, նվիրվածությունն ու բասկետբոլին ցուցաբերած հավատարմությունը կարևոր դեր կունենան Հայաստանում մարզաձևի հետագա զարգացման գործում։

Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ ձևավորված երկարամյա համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ աշխատանքը և աջակցել ֆեդերացիայի նախաձեռնություններին՝ ի նպաստ Հայաստանում և Եվրոպայում բասկետբոլի շարունակական զարգացման։

ՖԻԲԱ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի ղեկավարությունը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահին և գլխավոր քարտուղարին մաղթել է արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ իրենց պատասխանատու առաքելության ընթացքում։

Leave a comment