Քաղաքականություն
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել են հետախուզական տվյալներ, որոնք օգնել են Կիևին քարտեզագրել ռուսական ՀՕՊ համակարգերի տեղակայումը, որպեսզի անօդաչու թռչող սարքերը կարողանան շրջանցել դրանք նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, փոխանցում է Meduza-ն։
Ըստ FT-ի զրուցակիցների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետախուզական տվյալները նաև թույլ են տվել Ուկրաինայի Զինված ուժերին բարելավել թիրախների ընտրությունը՝ օգնելով «հասկանալ, թե որտեղ պետք է հարվածել»:
Ուկրաինացի ռազմական պլանավորողները, անօդաչու թռչող սարքերի օպերատորները և էներգետիկայի ոլորտի փորձագետները հայտարարել են, որ հարվածների նպատակն այլևս պարզապես նավթավերամշակման գործարաններում հրդեհներ առաջացնելը կամ պահուստարանների ոչնչացումը չէ, այլ օբյեկտը հնարավորինս երկար ժամանակով շարքից դուրս հանելը։
Նրանց խոսքով՝ առաջադրանքներն իրականացնելուց առաջ ինժեներներն ու ոլորտային մասնագետները հրահանգներ են տալիս անօդաչու թռչող սարքերի օպերատորներին և բացատրում, թե որ բաղադրիչներն են կրիտիկական կարևոր վերամշակման գործարանի գործունեության համար։
Բացի այդ, ըստ անօդաչու թռչող սարքերի օպերատորների, ինչպես նաև FT-ի կողմից վերանայված արբանյակային պատկերների՝ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել նույն կրիտիկական կարևոր սարքավորումներին՝ մինչև վերանորոգման ավարտը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի