Չինաստանը պատասխան քայլերով է սպառնացել ԱՄՆ-ին՝ մարդանման ռոբոտների ներմուծման սահմանափակումների պատճառով

Չինաստանի առևտրի նախարարությունը սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի որոշման դեմ, որով սահմանափակվում է մարդանման ռոբոտների ներմուծումը։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Գերատեսչությունը կոչ է արել վերացնել սահմանափակումները՝ ընդգծելով, որ դրանց հետագա խստացումը լուրջ վնաս է հասցնում երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կայունությանը։

ԱՄՆ Դաշնային կապի հանձնաժողովը (FCC) արտասահմանյան արտադրության բարձր տեխնոլոգիական ռոբոտային սարքավորումները ներառել է սահմանափակ ներմուծման ենթակա ապրանքների ցանկում՝ կիբեռանվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։

Counterpoint Research-ի փորձագետների գնահատմամբ՝ սա «վատ նորություն է մարդանման ռոբոտներ արտադրող այն չինական ընկերությունների համար, որոնք առաջիկա ամիսներին նախատեսում են անցկացնել IPO»։

Որպես պատասխան քայլ՝ Պեկինը կարող է սահմանափակել հազվագյուտ հողային մետաղների վաճառքը ամերիկյան ընկերություններին, ինչպես նաև փակել չինական շուկայի հասանելիությունը Tesla-ի և NVIDIA-ի համար։

Լուրերի ֆոնին` այս առավոտ առևտրի ընթացքում հոնկոնգյան UBTech ընկերության բաժնետոմսերն ընկել են ավելի քան 6%-ով։

Անցյալ տարի չինական Agibot, Unitree և UBTech ընկերությունները մարդանման ռոբոտների տեղադրված համակարգերի շուկայում զբաղեցրել էին առաջին երեք տեղերը, մինչդեռ Tesla-ի Optimus ռոբոտը հայտնվել էր հինգերորդ հորիզոնականում։

Միևնույն ժամանակ, Unitree-ն և Agibot-ը արդեն դիմումներ են ներկայացրել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու համար։

Leave a comment