Հայաստանը պատրաստ է Իրանին տալ ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված բոլոր հուզող հարցերի պատասխանը. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է Իրանին տալ ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված բոլոր հուզող հարցերի պատասխանը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը պատրաստ է Իրանին տալ ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված բոլոր հուզող հարցերի պատասխանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:  

«Իրան կատարած իմ վերջին այցի ժամանակ, Ես շատ հստակ ասել եմ, որ մենք բաց ենք, թափանցիկ ենք, և պատրաստ ենք տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան, որովհետև ԹՐԻՓՓ-ը տնտեսական ենթակառուցվածքային շատ խոշոր նախագիծ է: Այն միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը»:-ասել է վարչապետը:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության տարածքներով բացվելու է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը:

«Սա այն ուղղություններից մեկն է, որը ի չիք է դարձնում այն քննադատությունները, թե այս նախագիծը տարածաշրջանի որևէ երկրի դուրս է թողնում: Ընդհակառակը, սա ներգրավող նախագիծ է, և իհարկե սրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը կարգավորելու համար, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, և չի կարող նման հավակնոտ ծրագրեր ունենալ:

«Խոշոր երկրների հարաբերությունների մեջ մտնելը արդեն ճիշտ չէ»,-ասաց Հայաստանի վարչապետը:

Leave a comment