Մինչև տարվա վերջ պետք է սկսենք Քասախի, Լիճքի և Ելփինի ջրամբարների կառուցման աշխատանքները. Տիգրան Խաչատրյան


Վերջերս Հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկեցինք ջրամբարներին վերաբերող հարցերը, դրանցից մի քանիսը հաստատեցինք և մեկնարկեցինք իրականացման աշխատանքները: Այդ մասին Կառավարության նիստին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։


«Ունենք երեք ջրամբար՝ Քասախի, Լիճքի և Ելփինի, որոնց նախագծերը պատրաստ են։ Դիմել ենք ֆինանսավորող կազմակերպություններին ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու համար, և մինչև այս տարվա վերջ պետք է սկսենք դրանց կառուցման աշխատանքները։ Կհայտարարենք մրցույթ՝ կառուցող կազմակերպություն ընտրելու նպատակով։


Սրանք, իհարկե, Վեդու ջրամբարի նման մեծ ջրամբարներ չեն։ Քասախի ջրամբարի տարողությունը կլինի 10 մլն խմ, Լիճքինը՝ 4 մլն խմ, իսկ Ելփինի ջրամբարը՝ 1 մլն խմ»,- ասաց փոխվարչապետը։


Նա հայտնեց, որ նույն համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ի հետ կա համաձայնեցված ևս երկու նախագիծ։ «Դրանք Արթիկի՝ 1.5 մլն խմ տարողությամբ, և Գեղարքունիքի մարզում նախատեսվող ևս մեկ՝ 1.5 մլն խմ տարողությամբ ջրամբարներն են, որոնց նախագծման և տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները նույնպես բավականաչափ ավարտված փուլում են։


Պարզապես որոշել ենք դրանք իրականացնել երկփուլ եղանակով։ Այս պահին ավարտված է Մաստարայի ջրամբարի նախագիծը, և դրա իրականացման ընթացքը համաձայնեցվում է ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ։


Բացի դրանից՝ ունենք ևս 12 ջրամբար, որոնց ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Շուտով փուլ առ փուլ կունենանք դրանց վերաբերյալ եզրակացությունները, դրանք կներկայացնենք Հանրային ներդրումային կոմիտե և կանցնենք դրանց իրականացման փուլ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Դիտումների քանակ2

Leave a comment