Սաուդյան Արաբիան պատրաստվում է Կարմիր ծովում ստեղծել նոր միջազգային ռազմական կոալիցիա․ Al-Monitor

Սաուդյան Արաբիան կարող է արդեն հինգշաբթի հայտարարել Կարմիր ծովում նոր բազմազգ ռազմական կոալիցիայի ստեղծման մասին, որի նպատակն է հակազդել Եմենի հութիների գործողություններին և ապահովել նավագնացության անվտանգությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում։ Այս մասին հայտնում է Al-Monitor-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ կոալիցիայի շտաբը նախատեսվում է տեղակայել Էր Ռիադում, իսկ հրամանատարությունը կստանձնի Սաուդյան Արաբիան։ Մասնակցության հրավեր է ուղարկվել շուրջ 50 երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Եգիպտոսին, Պակիստանին, Թուրքիային, Կատարին, Բահրեյնին, Քուվեյթին, Ջիբութիին, Սոմալիին և Սուդանին։

Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել նախաձեռնությանը միանալու վերաբերյալ։ Սակայն, ըստ աղբյուրների, Վաշինգտոնի մասնակցությունը համարվում է կոալիցիայի միջազգային հեղինակությունն ու արդյունավետությունն ապահովող առանցքային գործոն։

Al-Monitor-ի տվյալներով՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան ևս սպասում են ԱՄՆ-ի որոշմանը՝ նախքան որևէ պարտավորություն ստանձնելը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Օմանը, ամենայն հավանականությամբ, չի միանա նախաձեռնությանը՝ հաշվի առնելով Իրանի հետ միջնորդական իր դերակատարությունը։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները դեռևս չի ստացել կոալիցիային միանալու պաշտոնական հրավեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment