3 մետրանոց քաբաբ, համերգային ծրագիր և մրցույթ. Հայաստանում կանցկացվի խորովածի համահայկական 13-րդ փառատոնը

Հայաստանում երկար սպասված միջոցառումներից մեկը՝ Խորովածի համահայկական 13-րդ փառատոնը վերադառնում է


ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում երկար սպասված միջոցառումներից մեկը՝ Խորովածի համահայկական 13-րդ փառատոնը վերադառնում է։ 5 տարվա ընդմիջումից հետո փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-ին Ստեփանավան քաղաքի Ալեա թաղամասում։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը և փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել են փառատոնին սպասվող միջոցառումները և նորությունները:

«Որոշել ենք 5 տարի ընդմիջոմից հետո խորովածի փառատոնը կազմակերպել Ստեփանավանում և նոր շունչ տալ փառատոնին` պահպանելով փառատոնի ավանդույթները», – ասաց Գևորգյանը։

Փառատոնն առանձնանալու է մրցույթով՝ սերտիֆիկացված ժյուրիի մասնակցությամբ։ Այն անցկացվելու է 3 անվանակարգում («լավագույն համ», «լավագույն տեսք» և «լավագույն մտահղացում»), ինչպես նաև հանձնվելու է երկու գավաթ՝ բացարձակ հաղթողին և համայնքի ղեկավարի հատուկ մրցանակակրին։ Որպես նորամուծություն՝ հաղթողները ստանալու են հատուկ որակի նշան, որը կարող են փակցնել իրենց հաստատության մուտքին։

Սեդրակ Մամուլյանն էլ նշեց, որ միջոցառման տարածքը գոտիավորվելու է ըստ նշանակության.

«Գոտիավորված տարածք է լինելու, այդ ամբողջը գոտիավորվելու է ըստ նշանակության, այդ թվում՝ երաժշտության մասն առանձին գոտի կլինի, երեխաների համար զբաղմունքի առանձին գոտի, ինչպես նաև ֆուդկորտ կոչված վայրը, որտեղ վերցնելով տարատեսակ խորովածներ՝ մարդիկ կարող են սնվել և վայելել», – նշեց Մամուլյանը։

Բացի այդ, համայնքին տրամադրվել է 20 անվճար տաղավար, որտեղ տեղացի բնակիչները կարող են վաճառել իրենց գյուղմթերքն ու ձեռագործ աշխատանքները, իսկ առանձին մասնակիցներ էլ հնարավորություն կունենան տեղում պատրաստել և վաճառել իրենց ուտեստները։

Ինչպես նշում է փառատոնի կազմակերպիչը, հյուրերին սպասվում է բազմաբովանդակ միջոցառում` համեմված խորովածի բույրով։

«Ռեստորաններից մեկը պատրաստելու է 3 մետր երկարությամբ քաբաբ։ Հատուկ տվյալ կազմակերպությունը պատրաստել է կրակարան, որպեսզի միանգամից, առանց ընդհատումների այդ 3 մետր երկարությամբ քաբաբը պատրաստի», – նշեց Գևորգյանը։

Հյուրերին սպասվում է նաև հագեցած համերգային ծրագիր. ժամը 12:00-ից մինչև 22:00-ն մշակութային հատվածով հանդես կգան մարզի, համայնքի անհատ կատարողներն ու խմբերը, ինչպես նաև Երևանից հրավիրված Ethno colors բենդն ու Գոռ Սուջյանը։ Միջոցառումը վարելու է ստենդափեր Աղաս Մանուկյանը։

Փառատոնի օրը Հանրապետության հրապարակից ժամը 10:00-ին կշարժվեն հատուկ ավտոբուսներ դեպի Ստեփանավան, իսկ հետվերադարձը կկազմակերպվի երեկոյան ժամը 20:00-ին: Փառատոնի մուտքն ամբողջությամբ անվճար է լինելու:


 

Leave a comment