Եթե ընդդիմությունը բոյկոտի Արամայիս Թախմազյանի «օրհնությունը», գուցե մոռացվի ու ներվի Նիկոլ Փաշինյանի տեքստով երդվելու հանգամանքը

Նոր գումարման ԱԺ-ն չմեկնարկած ընդդիմությունը միանգամից բախվելու է երկու փորձության։ Առաջինը պատգամավորների համար նախատեսված երդման փոփոխված տեքստն է, որն ամբողջովին բխում է տվյալ ուժի գաղափարախոսությունից։ Երդվելուց հետո էլ ընդդիմադիր պատգամավորները ստիպված են լինելու վերջում Նիկոլ Փաշինյանի պես բացականչել՝ «Փառք նահատակներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Իհարկե, որևէ վատ բան չկա, երբ մարդը փառք է տալիս նահատակներին ու Հայաստանի Հանրապետությանը, նույնիսկ ողջունելի է, սակայն բոլորին է հայտնի, որ նման ձևակերպումը մանիպուլացված է Նիկոլ Փաշինյանի կողմից ու իրական նպատակը հայրենիքի գաղափարի ժխտումն է։

Սակայն եթե այս փոփոխությունն արդեն ստացել է օրենքի ուժ, ու նորընտիր ընդդիմադիրները կարող են արդարանալ, որ իբր կատարում են օրենքի պահանջը ու իբր իրենք էլ էին մտածում ճիշտ ու ճիշտ Փաշինյանի նման կրկնել այդ բացականչությունը, ապա երկրորդ փորձությունը, որը սպասվում է նրանց, հոգեբանորեն շատ ավելի ճնշող է ու դրան արդարացում չի կարող լինել։ Ցանկացած ոք, ով մասնակցելու է ԱԺ անդրանիկ նիստին, կամ պետք է անցնի այդ սրի տակով, կամ պարզապես բոյկոտի առաջին նիստը։

Խոսքն այն «օրհնանքի» մասին է, որը սպասվում է պատգամավորներին։

Հայտնի է, որ ՔՊ-ն Վեհափառ Հայրապետին չի հրավիրելու խորհրդարան։ Բոլոր գումարման Ազգային ժողովները մեկնարկում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, սակայն այս անգամ, ըստ տեղեկությունների, խորհրդարանն «օրհնելու է» Արամայիս Թախմազյանը՝ կարգալույծ եղած նախկին քահանա, որը մինչ կարգալույծ լինելը կոչվում էր Տեր Թադե քահանա Թախմազյան։

Ի դեպ, այս տեղեկությունը միանգամայն կարելի է համարել հավաստի, որովհետև նախ` Արամայիս Թախմազյանը ո’չ հերքել, ո’չ էլ հաստատել է այն, իսկ սովորաբար երբ հարցի հասցեատերը չի հերքում լուրը, ապա որպես կանոն այդ լուրը լինում է հավաստի։ Երկրորդը՝ այսօր ՔՊ-ն հրավիրել էր նիստ, որի ժամանակ որոշվում էին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները, ու ՔՊ-էր ժամանել նաև կարգալույծ քահանան։

Իհարկե, սկզբից էլ պարզ էր, որ իշխանությունը «օրհնանքի» համար հրավիրելու է իր «սրտի» հոգևորականներից մեկին, բայց սպասելի էր, որ դա կլինի տիրադավներից որևէ մեկը, սակայն կարգալույծ քահանան արդեն մարտահրավեր է նետված ողջ հանրությանը, հատկապես այն մեծ հատվածին, որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառի դեմ գրոհներին։ Այս հատվածի մեջ չի մտնում Նիկոլ Փաշինյանի երդվյալ ընտրազանգվածը, իհարկե, նրա համար միևնույնն է, թե ով «կօրհնի» խորհրդարանը։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը վեղար հագած ներկայանա Ազգային ժողով, միևնույնն է կարժանանա այդ խմբի բուռն ծափահարություններին։

Բայց այլ բան է ընդդիմադիր հատվածը, որոնց այս պահին խորհրդարանում փորձելու է ներկայացնել խորհրդարանական ընդդիմությունը։ Եթե նրանք հլու-հնազանդ նստեն նիստերի դահլիճում ու ստանան Արամայիս Թախմազյանի «օրհնությունը», ապա անջրպետ կառաջացնեն իրենց ու հանրության միջև, իսկ եթե բոյկոտեն այդ «օրհնանքը» ու դուրս գան նիստերի դահլիճից, գուցե մոռացվի ու ներվի Նիկոլ Փաշինյանի տեքստով երդվելու հանգամանքը։

Կարեն Կարապետյան

Leave a comment