ՄԻՊ-ը ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալում առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները։

Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:

Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին և բուժման ընթացքին, դիտարկել շենքային պայմանները:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:

Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը կարևորել է զինծառայողների՝ արժանապատիվ և պատշաճ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։

Այցի շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ։ Քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում ծագած հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ այցին ներգրավվել է նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժը:

Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը: Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող։

Ինչին արձագանքել էր ՊՆ-ն՝ հերքելով այդ տեղեկատվությունը։

Leave a comment