Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը (71 կգ) դարձավ Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության չեմպիոն: Ադրբեջանի մայրաքաղաքում կհնչի Հայաստանի օրհներգը:
Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ռուսաստանը Ներկայացնող Ասլան Ձուևի հետ ու հաղթեց 4:3 հաշվով:
Ջանես Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից ու եզրափակիչի ճանապարհին վստահ հաղթանակներ տարել նորվեգացի (8:0), թուրք (9:0), հունգարացի (9:0) և բուլղարացի (8:0) մրցակիցների նկատմամբ:
Գևորգ Հարությունյանը (51 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:0 հաշվով հաղթել է վրացի Սաբա Աբաշիձեին ու կկանգնի պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել նաև Արարատ Ավետիսյանը (48 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն ԱԱ-ին մասնակցեց 10 ըմբիշով ու նվաճեց 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն ԱԱ-ում կունենա 6 մասնակից: