Քաղաքականություն
29.07.2026 | 18:49
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանի և դավաճանության մեջ մեղադրվող Ազադ Մամեդլիի դատավճիռները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատավոր Մուրադ Մամեդովի նախագահությամբ կայացած նիստում պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավճիռն ուժի մեջ է թողնվել։ Դատարանը Մարտին Ռայանին դատապարտել է 10 տարի, իսկ Ազադ Մամեդլիին՝ 12 տարի ժամկետով ազատազրկման։
Քննության տվյալներով՝ Մարտին Ռայանի առջև խնդիր էր դրվել տեղեկություններ հավաքել Ադրբեջանում արտադրված զենքի և զինամթերքի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զորքերի հավաքագրման, համագործակցության համար հավաքագրվող զինծառայողների և նախկին զինծառայողների, արտասահմանում ֆրանսերեն սովորող անձանց, Ադրբեջանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Ադրբեջանի և մի շարք երկրների միջև գաղտնի դրամական փոխանցումների և ռազմական համագործակցության կազմակերպման հնարավորության մասին։
Նշվում է նաև, որ Ռայանը Բաքվում կազմակերպել է Ազադ Մամեդլիի և ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատակիցների հանդիպումը, Մամեդլիին խոստացել են օտարերկրյա քաղաքացիություն համագործակցության դիմաց։
Մեղադրյալները ձերբակալվել են 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։ Քննության տվյալներով՝ «Մերկորամա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ռայանը հավաքագրվել է ֆրանսիական արտաքին հետախուզության աշխատակիցների (DGSE) կողմից և օգտագործվել որպես գործակալ։ DGSE-ի աշխատակիցները հետագայում արտաքսվել են Բաքվից որպես անցանկալի անձ։
Այս գործով Ռայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն), իսկ Մամեդլիին՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (դավաճանություն)։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի