Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI-ի տվյալային կենտրոն. առաջին փուլի ներդրումները կազմում են 500 մլն դոլար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության  տվյալային կենտրոն


ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն։


Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, շրջայցի ընթացքում նախարարին ուղեկցել է Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։


Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերին, ինչպես նաև բացման հանդիսավոր արարողությունից առաջ իրականացվող վերջին տեխնիկական աշխատանքներին։ Քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։


«Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար»,- ընդգծել է Մխիթար Հայրապետյանը։


Նախագիծն աչքի է ընկնում իր մասշտաբներով․

  • 1-ին փուլ. Ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (ներառում է 6,144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ):
  • 2-րդ փուլ. Ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս մոտ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։


ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի։


 


 

Leave a comment