Ռուսական զորքերը հուլիսի լույս 29-ի գիշերը կրկին հարձակվել են Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի առավոտյան հաղորդագրության համաձայն՝ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 80 Շահեդ, Գերբերա և Իտալմաս անօդաչուներ, Բանդերոլ զինամթերքի փոխադրիչներ՝ Դոնբասի օկուպացված մասից, Բրյանսկից, Կուրսկից, Օրյոլից, Պրիմորսկո-Ախտարսկից և բռնակցված Ղրիմի Գվարդեյսկից։
Նախնական տվյալներով՝ ՀՕՊ ուժերը հետ են մղել 65 անօդաչու թռչող սարքերի հարձակումները երկրի հյուսիսում, հարավում և արևելքում:
«Գրանցվել է 14 հարվածային անօդաչու թռչող սարքերի հարված 10 կետում, ինչպես նաև երկու կետում ընկած անօդաչուի բեկորների անկում»,- հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը։
Հետագա հաղորդագրությունների համաձայն՝ ռուսական անօդաչուների հարձակումները շարունակվել են հուլիսի 29-ի օրվա ընթացքում: Մասնավորապես, Օդեսայի, Պոլտավայի և Խարկովի մարզերը, ինչպես նաև Կրիվոյ Ռոգը նշված են որպես նոր հարձակումների թիրախային տարածքներ:
«Բժիշկները մինչև վերջ պայքարել են ծանր վիրավոր Խերսոնի 58-ամյա բնակչի կյանքի համար։ Ցավոք, ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին»,- հայտնել է Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Նրա խոսքով՝ բնակելի շենքի վրա Շահեդ անօդաչուի հարվածից վիրավորվել է առնվազն երեք մարդ, բոլորը «միջին ծանրության վիճակում» են։
Ուկրաինայի Ազգային ոստիկանության տվյալներով՝ ռուսական ուժերը հարվածել են Սումիի մարզի 24 բնակավայրի՝ վիրավորելով 62-ամյա մի կնոջ: Հարվածների ժամանակ ռուսական ուժերն օգտագործել են կառավարվող ռումբեր, հարձակողական անօդաչու թռչող սարքեր, FPV անօդաչուներ, հրետանի և ականանետներ։
«Մի շարք համայնքներում վնասվել են մասնավոր տներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բենզալցակայաններ, օժանդակ շինություններ և ֆերմա: Հակառակորդի հարվածների հետևանքով հրդեհվել է նաև ցորենի դաշտ»,- ասվում է ոստիկանության տելեգրամյան գրառման մեջ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի