Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Ինչպես հայտնել են Գլխավոր դատախազությունից, դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան:
Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի՝ գործով ամբաստանյալներն են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Օհանիսյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն-Վրեժ Նաջարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան Հովհաննէսեանը, Սյունիքի թեմի առաջնորդ Էդգար Հակոբյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Նելսոն Բաբայանը և Գուգարաց թեմի առաջնորդ Արթուր Հակոբյանը։
Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայողական լիազորություններն օգտագործելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը)։
Գործը հանձնարարվել է դատավոր Հակոբ Մանուկյանին։
Մեղադրանքի էությունը
Քրեական գործը հարուցվել է եպիսկոպոս Գևորգ Սարոյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատման կապակցությամբ: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2026 թվականի հունվարի 15-ին Սարոյանը հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով անվավեր ճանաչել Գարեգին Բ կաթողիկոսի՝ իր պաշտոնանկության վերաբերյալ հունվարի 10-ի հրամանագիրը և վերականգնել նրան իր պաշտոնում:
Հունվարի 16-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վարույթ է ընդունել հայցը և բավարարել միջնորդությունը: Մինչև վերջնական որոշման կայացումը Հայ Առաքելական եկեղեցուն և այլ անձանց հանձնարարվել է չմիջամտել Սարոյանի՝ որպես թեմի առաջնորդի պարտականություններին, այդ թվում՝ ֆինանսական միջոցների տնօրինմանը և ֆինանսական գործարքների իրականացմանը:
Դատարանի որոշման հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ: Datalex-ի տվյալներով՝ համապատասխան փաստաթղթերը հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ուղարկվել արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի միջոցով:
Հետագայում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկել է կաթողիկոսին կարգալույծ անել Գևորգ Սարոյանին, որից հետո Գարեգին Բ-ն կայացրել է համապատասխան որոշում: Մեղադրող կողմի պնդմամբ՝ դա խոչընդոտել է դատական վերջնական որոշման կատարմանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։