Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար վերահսկողություն սահմանելու Օմանի առաջարկը

Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար վերահսկողություն սահմանելու Օմանի առաջարկը

Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը հավասարապես կիսելու վերաբերյալ Օմանի առաջարկը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ այդ աղբյուրների՝ Օմանն առաջարկել է ժամանակավոր ծրագիր, որով նախատեսվում էր Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասարաչափ վերահսկողություն սահմանել, սակայն Թեհրանը պահանջել է, որ իր տնօրինման տակ անցնի նավթի համաշխարհային մատակարարումների համար վճռորոշ նշանակություն ունեցող այս ջրային ուղու առյուծի բաժինը։

Պարբերականը նշում է, որ սրանով Թեհրանը վտանգի տակ է դրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններն արագ վերսկսելու հույսերը։

Իր հերթին, Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին թերթին հայտնել է, որ Թեհրանը համաձայն չէ Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջորդ փուլին, քանի դեռ Օմանը չի աջակցել նեղուցի մեծ մասը Իրանի վերահսկողությանը հանձնելու առաջարկին։

Նրա խոսքով՝ օմանյան ծրագիրը «չի լուծում Իրանի անվտանգության խնդիրները»։

«Ներգնա ծովային միջանցքը պետք է ամբողջությամբ լինի Իրանի վերահսկողության տակ, մինչդեռ ելքային տրանսպորտային միջանցքի մի մասը կարող է մնալ Օմանի վերահսկողության ներքո», — հայտարարել է Ղարիբաբադին։

«Եթե նրանք ընդունեն այս առաջարկը, մենք կանցնենք հաջորդ փուլին», — հավելել է փոխարտգործնախարարը։

Leave a comment