ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են Իրաքում իրանամետ խմբավորումների օբյեկտներին

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով Իրաքում առնվազն 8 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։

Հարվածը հասցվել է Իրաքի հյուսիսում՝ Նինվեի դաշտավայրում տեղակայված «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերին» պատկանող ճամբարին։ Պայթյուն է լսվել նաև Բաբիլից հյուսիս ընկած հատվածում։ Հարձակման են ենթարկվել նաև Իրաքի հարավում՝ Վասիթ նահանգի Ալ-Սուվայրայի և Բասրա նահանգի Ալ-Դեյրի շրջաններում գտնվող ռազմական շտաբները։

Իր հերթին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է, որ իր օդատիեզերական ուժերը մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի և ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետի ուղղությամբ։

ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի շարունակվող սպառնալիքների և Իրանի շահերին «ապօրինի միջամտության»։

Leave a comment