Google-ը՝ տասնամյակներ առաջ ֆոնդային բորսայում ցուցակվելուց ի վեր, առաջին անգամ եռամսյակն ավարտել է բացասական ազատ դրամական հոսքով՝ արհեստական բանականության ենթակառուցվածքի ոլորտում ներդրումների կտրուկ աճի պատճառով։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Հոդվածի համաձայն՝ հունիսի վերջին ավարտված երկրորդ եռամսյակի արդյունքներով Google-ի ազատ դրամական հոսքը կազմել է -5.9 մլրդ դոլար, ինչը զգալիորեն վատ է եղել վերլուծաբանների սպասումներից։ Միաժամանակ Google-ը կրկին բարձրացրել է տվյալների կենտրոնների կառուցման և AI-ի համար սարքավորումների ձեռքբերման ծախսերի կանխատեսումը։
Ընկերության ֆինանսական տնօրեն Անատ Աշքենազին հայտնել է, որ 2026 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 195-205 մլրդ դոլար՝ նախկինում ակնկալվող 180-190 մլրդ դոլարի փոխարեն։ FT-ի տվյալներով՝ ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո Google-ի բաժնետոմսերը արտաբորսայական առևտրում նվազել են մոտ 3.5%-ով։
«Մենք ակնկալում ենք, որ ազատ դրամական հոսքը կմնա ճնշման տակ՝ տեխնիկական ենթակառուցվածքում ներդրումների պատճառով, որոնք մեզ հնարավորություն կտան օգտվել AI-ի զարգացման շնորհիվ բացվող հնարավորություններից՝ միաժամանակ պահպանելով ներդրումների գրավիչ եկամտաբերությունը», – հայտարարել է Աշքենազին։
FT-ն նշում է, որ սա ընթացիկ տարում Google-ի կապիտալ ծախսերի կանխատեսման արդեն երկրորդ բարձրացումն է։ Ընկերությունը շարունակում է ակտիվորեն մեծացնել ներդրումները՝ մրցակցելով Meta-ի, Microsoft-ի և Amazon-ի հետ AI-ի ենթակառուցվածքի ստեղծման ոլորտում։ Հրատարակության գնահատմամբ՝ չորս խոշորագույն հիպերսքեյլերների համախառն կապիտալ ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 725 մլրդ դոլարը։
Դեռևս ապրիլին Google-ը 2026 թվականի կապիտալ ծախսերի կանխատեսումը բարձրացրել էր մինչև 190 մլրդ դոլար՝ միաժամանակ նախազգուշացնելով, որ 2027 թվականին դրանք կշարունակեն աճել, ասվում է հոդվածում։ FT-ի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում ընկերության կապիտալ ծախսերն աճել են մինչև 44.9 մլրդ դոլար, ինչն էլ հանգեցրել է ազատ դրամական հոսքի բացասական ցուցանիշի։
Ազատ դրամական հոսքի ցուցանիշը ներդրողներն ուշադիր հետևում են, քանի որ այն արտացոլում է ընկերության տրամադրության տակ մնացող դրամական միջոցների ծավալը՝ գործառնական ծախսերի և կապիտալ ներդրումների կատարումից հետո։ Հենց այդ միջոցները կարող են ուղղվել պարտքի սպասարկմանը կամ բաժնետերերին վճարումների իրականացմանը։
Ինչպես գրում է FT-ն, ներդրողների վստահությունը Google-ի նկատմամբ մեծապես պահպանվում է այն պատճառով, որ AI-ի համար կատարվող խոշորածավալ ծախսերն ուղեկցվում են եկամուտների աճով։ Ընկերության ամպային ստորաբաժանման եկամուտները երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել են 82%-ով՝ հասնելով 24.8 մլրդ դոլարի։ Որոնողական համակարգի հետ կապված հիմնական գովազդային բիզնեսի եկամուտներն աճել են 17%-ով՝ հասնելով 63.3 մլրդ դոլարի, թեև այս արդյունքը փոքր-ինչ ցածր է եղել վերլուծաբանների կանխատեսումներից։
Այս երկու ուղղությունների շնորհիվ Google-ի ընդհանուր եկամուտները հասել են 120 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա 96.4 մլրդ դոլարի դիմաց՝ գերազանցելով վերլուծաբանների միջին կանխատեսումը, որը կազմում էր 117 մլրդ դոլար:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։