ԱԺ–ում ԶԼՄ–ների ազատ տեղաշարժը կսահմանափակվի՞. Ռուբինյանը որոշում է ստորագրել

Բաժանորդագրվել

Որոշմանը անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մարիաննա Ղահրամանյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում, այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշումը ստորագրվել է հուլիսի 27-ին, հրապարակվել` հուլիսի 28-ին։

Ըստ այդմ` «Հատուկ վերահսկելի գոտիներում» (ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, նախագահի ընդունարանը, ինչպես նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո) առհասարակ արգելվում է լրագրողի աշխատանքը։

ԱԺ հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար էլ լրագրողների ցուցակագրում է սահմանվելու։ Այդ ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Կետերից մեկով էլ նշվում է, որ արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց պարտականությունները կատարելիս։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս որոշմանը։

«Ռուբեն Ռուբինյանը, դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձնած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։ Նա մի աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը և այն գործնականում դարձնում գրեթե անհնարին»,– գրել է նա։

Ղահրամանյանը շեշտել է, որ այս ամենը պարզապես խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ են, որովհետև խոսքի ազատությունը ներառում է նաև լրագրողների իրավունքը` հավաքելու և տարածելու հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, այդ թվում ու հատկապես խորհրդարանի գործունեության վերաբերյալ։

Leave a comment