Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը: Հաղորդագրությունում նշվում է, որ հաստատվել է փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնման երկուստեք տրամադրվածությունը: Ըստ Կրեմլի խոսնակի՝ հեռախոսազրույցը եղել է բավականին ջերմ և բովանդակալից: Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դավիթ Մուրադյանը:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը:
«Ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը։ Հաստատվել է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման երկուստեք տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով տեղի ունեցած հեռախոսազրույցը, նշել է, որ այն եղել է բավականին ջերմ և բովանդակալից:
ՀԱՄԱՍ-Ը ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԶԻՆԱԹԱՓՎԵԼ
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանաբար զինաթափվել՝ հայտնել է Al Arabiya-ն: «Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը շարժման արտասահմանյան ղեկավարությանը տեղեկացրել է պաղեստինյան անկլավում զինաթափման և քաղաքացիական աշխատակիցների մասին խաղաղ պլանի երկու կետի հետ իր համաձայնության մասին»,- ասված է հրապարակման մեջ:
Նախաձեռնության 5-րդ կետը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի ռազմականացված կառույցների և ոլորտում քաղաքացիական կառավարման համակարգի ու քաղաքացիական կառույցներում ներգրավված աշխատակիցների տարանջատում:
8-րդ կետում նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի կազմավորումների զինաթափման գործընթացը պետք է իրականացվի աստիճանաբար և միջազգային վերահսկողության ներքո, իսկ զենքը պետք է փոխանցվի ոչ թե իսրայելական կողմին, այլ նոր պաղեստինյան կառույցներին, որոնք կգործեն Խաղաղության խորհրդի հովանու ներքո և նրա համակարգմամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ։ Այցի ընթացքում նա հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև կմասնակցի հուլիսի 11-ին մահացած ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի հիշատակի արարողությանը:
Զելենսկին նշել է, որ Թրամփի և նրա թիմի հետ բանակցություններում պատրաստվում է քննարկել հակահրթիռային պաշտպանության ուժեղացումը և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը: Թրամփն էլ պատրաստվում է Զելենսկու հետ քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը կհանդիպի ԱՄՆ սենատորների հետ։ Հանդիպումը տեղի կունենա Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկման ֆոնին:
ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԵՆ. ԹՐԱՄՓ
Միացյալ Նահանգները և Իրանը հանդիպումներ են անցկացնում, քանի որ Թեհրանն ինքն է բանակցություններ է խնդրել՝ ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդների միջոցով՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ համաձայնության հասնելու լավ շանսեր կան, իսկ եթե բանակցություններն արդյունք չտան, ԱՄՆ-ը «կվերադառնա նրան, ինչ անում էր երկու օր առաջ»։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր ծախսերը կփոխհատուցվեն: Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Իրանի վերաբերյալ իր դիրքորոշումը շատ պարզ է՝ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա:
Պատասխանելով Իսրայելի վարչապետի հետ հարաբերությունների մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ Բենիամին Նեթանյահուի հետ փոքր տարաձայնություններ կան, բայց ընդհանուր առմամբ Իրանի վերաբերյալ իրենց դիրքորոշումները համընկնում են:
ԻՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՆ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ. ՂԱՐԻԲԱԲԱԴԻ
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
«Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ եթե այդ ծրագիրը մերժվի, բանակցությունները կհամարվեն ձախողված, և նրանք կհեռանան: Արդյունքում տեղի ունեցավ հենց այդպես, ամերիկյան պատվիրակությունը լքեց բանակցությունները»,- նշել է Ղարիբաբադին:
Նրա խոսքով՝ Օմանում բանակցությունները տեղի են ունեցել Իրանի կողմից Հորմուզի նեղուցը կրկին փակելուց հետո: Ամերիկյան կողմը պնդել է, որ նողուցով անցնող հարավային այլընտրանքային երթուղին բաց մնա մինչև իրանա-օմանյան բանակցությունների ավարտը, սակայն Թեհրանը չի ընդունել այդ առաջարկը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
Հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել են հարյուրավոր ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ըստ նրա՝ Դաշնության մայրաքաղաքի ուղղությամբ թռել է ավելի քան 390 անօդաչու թռչող սարք։ Մարզի մի քանի բնակավայրում ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով այրվել է մի քանի տուն: Տուժածներ չկան: Մոսկվայի երեք Վնուկովո, Ժուկովսկի և Դոմոդեդովո օդանավակայանները թռիչքաների սահմանափակումներ են մտցրել: Մոսկվայի մարզից բացի, հուլիսի 28-ի գիշերը հարձակման է ենթարկվել նաև Ռոստովի մարզը։ Հակաօդային պաշտպանության ուժերը Տագանրոգի ծոցի ջրերում ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր, հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Լենինգրադի մարզի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին տագնապ է հայտարարվել, ինչից հետո Պուլկովո օդանավակայանը սկսել է ընդունել և ուղարկել չվերթներ` նախնական պայմանավորվածությամբ։
Ռուսաստանն էլ անցած գիշերվա ընթացքում է Ուկրաինայի ուղղությամբ արձակել 131 անօդաչու թռչող սարք: Ուկրաինական կողմի տվյալով՝ երկրի հյուսիսում, հարավում, կենտրոնում և արևելքում ոչնչացվել է 107 ԱԹՍ: Արձանագրվել է 16 հարվածային ԱԹՍ-ի հարված 9 ուղղությամբ, ինչպես նաև խոցվածների սարքերի բեկորների անկում։
ՖԲ – Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: ՀԱՄԱՍ-ը համաձայնել է աստիճանաբար զինաթափվել:
Դիտումների քանակ11