Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցը բովանդակային առումով անիմաստ էր և կրում էր զուտ արարողակարգային բնույթ։ Ըստ նրա՝ Պուտինն այդ զրույցով Հայաստանի գործող իշխանությանը ճանաչել է։

Factor TV-ի հետ զրույցում Խուրշուդյանը նշեց, որ զրույցի փաստն ինքնին ավելի կարևոր էր, քան բովանդակությունը։ «Ես որքան տեղյակ եմ արարողակարգից՝ նույնիսկ եթե հայկական կողմն է զանգահարել, նախապես պայմանավորվածություն եղել է, որ Պուտինը կվերցնի, կխոսի։ Դա հայկական կողմին և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին պետք էր զուտ իշխանությունը ճանաչելու, ամրագրումը հաստատելու համար, այսինքն, որ Պուտինը ճանաչում է գործող իշխանությունը՝ անկախ նրանից, որ չի շնորհավորել։ Զրույցի փաստն ինքնին ճանաչում է նշանակում։ Բովանդակությունը կարող էր լինել այլ, եթե այդ թեման չլիներ, ուրիշ թեմա կգտնվեր։ Իրականում դա անիմաստ խոսակցություն էր բովանդակային առումով», – ասաց նա։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցներին՝ Հովսեփ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ դրանք չպետք է գերագնահատել։

«Այնպիսի տպավորություն չստեղծվի, որ այդ պատժամիջոցներն ինչ-որ լուրջ ազդեցություն են գործում մեր տնտեսության վրա։ Հիմնականը դա գյուղատնտեսական մթերքներն են։ Հայաստանում որոշ մրգերի մասով բավականին քիչ բերք է եղել այս տարի։ Նույն ծիրանի բերքը բավականին քիչ է եղել։ Պատահական չի, որ նույնիսկ այս սահմանափակումների պայմաններում ծիրանը բավականին թանկ է շուկայում։ Գինը չի իջել, որ փչացող ապրանքը շուտ վաճառեն։ Նշանակում է՝ փչացող ապրանք չունի գյուղացին», – նշեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է կիրառել հայելային պատասխան։ «Հակառակը, մենք մեծ ծավալի կաթնամթերք ներմուծում ենք Ռուսաստանից, և Հայաստանի իշխանություններն ուղղակի պետք է սկսեն հայելային այդ պատժամիջոցները կիրառել և ուղղակի թույլ չտալ ռուսական կաթնամթերքի մուտքը Հայաստան»։

Խուրշուդյանի խորին համոզմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու հարցում, քանի որ դա զգալիորեն կթուլացնի նրանց լծակները Հայաստանի վրա։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կբերի նրան, որ Հայաստանը լիովին արդեն ազատ կլինի ռուսական ռազմական, իրավապայմանագրային այդ բազաները վերացնելու ուղղությամբ։ Ուրեմն, ի՞նչն է Ռուսաստանի համար ամենակարևորը՝ թույլ չտալ այդ կարգավորումը։ Եվ ի՞նչ է դրա համար անում՝ աշխատում է Ալիևի հետ, որտեղ իր շահերը համընկնում են Ալիևի հետ, որովհետև Ալիևն էլ չի ուզում, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, որովհետև ինքն էլ լծակ կկորցնի Հայաստանի վրա, և Հայաստանն ավելի դինամիկ զարգացում կապահովի։ Դրա համար Ալիևին ձեռք չի տալիս, որ Հայաստանը զարգանա»։

Ըստ Խուրշուդյանի՝ Ադրբեջանի նախագահի կողմից Սահմանադրության փոփոխության պահանջը և դրա շուրջ Հայաստանի ընդդիմության ակտիվությունը ռուս-ադրբեջանական համատեղ խաղի մաս են կազմում։

«Դա լիովին համընկնում է Ադրբեջանի և Ալիևի սպասումների հետ։ Այդ խաղը ռուս-ադրբեջանական խաղ է, որի խամաճիկը, այս դեպքում արդեն ոչ թե զուտ Կրեմլի, այլ նաև Ալիևի խամաճիկը հանդես են գալիս մեր հինգերորդ շարասյունն այստեղի, որոնք հիմա էլ հույսը դրել են, որ այդ սահմանադրական փոփոխությունները կդարձնեն իրենց համար ինչ-որ իշխանափոխության տրիգեր։ Բնականաբար, չեն կարողանալու հասնել ոչ մի իշխանափոխության, մաքսիմում կարող է ինչ-որ խժդժություններ և թուլացում բերեն ներպետական, իսկ դրանով իրենք խնդիր կլուծեն, որովհետև իրենց տերերը նաև դա են պահանջում, որ Հայաստանի կոնսոլիդացված այս վիճակը պետք է թուլանա, որպեսզի ավելի հեշտ կարողանան ճնշումներ գործադրել մեր երկրի վրա»։

Քննարկելով ռուսամետ որոշ գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը՝ նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները նրանց օգտագործում են Ռուսաստանի հակահայկական քայլերին հակազդելու համար։

«Իրենք պատանդ են որպես Ռուսաստանի շահերի սպասարկու։ Հայաստանի իշխանություններն իրենց պատանդ են առել և կամաց-կամաց կարող են պատասխանատվության ենթարկել՝ ի պատասխան Պուտինի ցանկացած հակահայկական քայլի», – ասաց նա՝ որպես օրինակ բերելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ 

Ամփոփելով խոսքը՝ Հովսեփ Խուրշուդյանը չբացառեց, որ Ռուսաստանը կշարունակի «սխալ հաշվարկների քաղաքականությունը», ինչը կարող է Հայաստանին մղել ավելի կոշտ քայլերի, այդ թվում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկմանը։

«Ես չեմ բացառում, որ իրենք հերթական սխալ հաշվարկի արդյունքում խորացնեն այս ամենը՝ փորձելով իրենց հինգերորդ շարասյան միջոցով ինչ-որ բաների հասնել։ Դա բերելու է նրան, որ Հայաստանի իշխանություններն ավելի կոշտ քայլերի են գնալու, և արդեն ես զգում եմ այդ հովերը իշխանությունից եկող, որ հասարակական կարծիքը տրամադրեն, որ այո՛, մի օր կարող է և ԵԱՏՄ-ից դուրս գանք, և դա շատ լավ է։ Թե՛ հասարակական կարծիքն է պետք է դրան պատրաստ լինի, և ամենակարևորը՝ տնտեսվարողները դրան պետք է պատրաստվեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

Leave a comment