Ատամի բուժման համար անկանխիկ վճարել եք. ո՞ր դեպքում կարող եք հետ ստանալ մինչև 50 000 դրամ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից,

ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող անձինք:

Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում.

Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից՝ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ և դրա դիմաց կատարել եք վճարում (2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով),

Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար 2024 և 2025 հաշվետու տարիների ընթացքում անկանխիկ եղանակով կատարել եք վճարում։

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100 000 դրամ։

Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100 000 դրամ:

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)։ Եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելուց հետո ներկայացրեք դիմում և մինչև երրորդ աշխատանքային օրը հետ ստացեք սոցիալական ծախսի համար վճարված գումարները, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a comment