Aramco-ն նախատեսում է մինչև օգոստոսի 15-ը ավարտել վերանորոգումը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հութիների հարձակման պատճառով Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթագազային պետական ընկերությունը դադարեցրել է Ջիզան քաղաքում նավթավերամշակման գործարանի աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով IIR կոնսալտինգային ընկերության զեկույցը:
«IIR ընկերության զեկույցը, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, հաղորդում է, որ հուլիսի 25-ին Եմենի հութի զինյալների ձեռնարկած հարձակումից հետո հուլիսի 27-ին Saudi Aramco-ն դադարեցրել է Ջիզանում (Սաուդյան Արաբիա) օրական 400 հազար բարել հզորությամբ աշխատող նավթավերամշակման գործարանի աշխատանքը», – ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Aramco-ն նախատեսում է մինչև օգոստոսի 15-ը ավարտել վերանորոգումը և վերսկսել գործարանի աշխատանքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում և մայրաքաղաք Էր Ռիադի շրջանում նավթային օբյեկտները ենթարկվել են հարվածների: Իսկ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հարձակվել է Սաուդյան Արաբիայի արևելքից Կարմիր ծովի Յանբու նավահանգիստ նավթ տեղափոխող օբյեկտների վրա: