Իսրայելի զինվորները սպանել են Լիբանանի բնակավայրերից մեկի համայնքապետարանի աշխատակցին

Բաժանորդագրվել

Լիբանանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր երկրի հարավում երեք քաղաքացու, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի զոհվելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Իսրայելցի զինվորականները սահմանային աշտարակից կրակ են բացել և սպանել լիբանանյան սահմանամերձ Այտա աշ-Շաաբ բնակավայրի համայնքապետարանի աշխատակցին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի շտապօգնության ծառայությունում իր աղբյուրին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը այսօր հայտնել էր, որ Լիբանանի հարավում գտնվող Յանուխ բնակավայրում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեք քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։

«Լիբանանի հարավի Այտա աշ-Շաաբ բնակավայրի բնակիչը զոհվել է հրազենային վնասվածքներից, երբ իսրայելցի զինվորականները կրակ են բացել նրա ուղղությամբ՝ դեմ-դիմաց մոտ մեկ կիլոմետր հեռու գտնվող Ար-Ռահեբ դիրքից։ Զոհվածը Այտայի համայնքապետարանի աշխատակից էր»,-ասել է գործակալության զրուցակիցը։

2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը՝ Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս տևած շարունակական սրացումից հետո, ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը՝ համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի։ Ըստ այդ ծրագրի՝ հրադադարից հետո 60 օրվա ընթացքում Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավային տարածքները, իսկ «Հեզբոլլահ» շարժման ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին դեպի Լիտանի գետի հյուսիսային ափ։ Գետը հոսում է իսրայելական սահմանից 20-30 կիլոմետր հեռավորության վրա։

Leave a comment