«Միլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը «Իշխանություն» լրատվականին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի և ընկերության միջև ստեղծված հակամարտության, ֆինանսական խախտումների, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ դեպքերի շղթան սկսվել է ընկերության ներսում բացահայտված խարդախությունից։
Հովակիմյանի խոսքով՝ Ավետ Կոնջորյանին «Միլոն Մայնինգ» աշխատանքի է հրավիրել ընկերության փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, որը երկար տարիներ աշխատել է ընկերությունում և անձնական մտերիմ հարաբերություններ է ունեցել Ավետի հետ։
«Նաիրին ներկայացրել է նրան որպես հաջողակ բրոքեր, ասել է, որ վաճառքները լավ են ստացվում և առաջարկել է բնակարանների վաճառքով զբաղվել։ Մենք համաձայնվել ենք։ Սկզբում ամեն ինչ նորմալ էր, սակայն որոշ ժամանակ անց սկսեցինք նկատել լուրջ խնդիրներ»,- պատմում է տնօրենը։
Նրա խոսքով՝ հետագայում ընկերությունում բացահայտվել է, որ Ավետ Կոնջորյանը հաճախորդներից ստացել է գումարներ, որոնք չեն մուտքագրվել ընկերության հաշվապահական համակարգ։
«Եղել են դեպքեր, երբ փաստաթղթերով, օրինակ, գրանցված է եղել 500 հազար դրամ վճարում, սակայն հաճախորդից Կոնջորյանը պահանջել է մեկ միլիոն դրամ։ Կային նաև կանխավճարներ և տարաժամկետ վճարումներ, որոնք քաղաքացիները փոխանցել էին անձամբ իրեն՝ վստահելով որպես բրոքերի։ Այդ գումարները պահել է իրեն»,- նշում է Հովակիմյանը։
Տնօրենը նաև պնդում է, որ անձամբ փորձել է ստեղծված իրավիճակի մասին խոսել Ավետի եղբոր՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ։
«Ասել եմ, որ եղբայրդ շատ վատ արարքներ է գործել, առաջարկել եմ հանդիպել, քննարկել, հասկանալ՝ ինչ լուծում կարող ենք գտնել։ Սակայն նա, ըստ էության, հրաժարվել է լսել՝ ասելով, որ չի ցանկանում ներգրավվել հարցերի մեջ»,- նշել է Հովակիմյանը։
Ընկերության տնօրենի պնդմամբ՝ վնասի ընդհանուր չափը կազմել է միլիոնավոր դրամներ, իսկ դեպքերի մի մասը բացահայտվել է միայն այն ժամանակ, երբ բնակարանների գնորդներին հրավիրել են վերջնական հաշվարկների։
«Մարդիկ եկել էին և ասում էին՝ մենք արդեն վճարել ենք։ Այդ ժամանակ սկսեցինք հասկանալ իրական պատկերը»։
Բաբկեն Հովակիմյանի խոսքով՝ բացահայտումներից հետո Ավետ Կոնջորյանը հեռացվել է աշխատանքից։ Սակայն դրանից հետո, նրա ներկայացմամբ, իրավիճակը վերածվել է անձնական հակամարտության։
Նրա խոսքով՝ ավելի քան մեկ տարի Ավետ Կոնջորյանը պարբերաբար այցելել է Նաիրի Հակոբյանի տան բակ և մեքենայից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա ընտանիքի հասցեին։
«Նաիրիի կինը երկար ժամանակ այդ մասին չէր պատմում, որպեսզի իրավիճակը չսրվի։ Սակայն երեխաները լսել էին այդ հայհոյանքները, ծանր հոգեբանական վիճակում էին հայտնվել և նույնիսկ դադարել էին բակում խաղալ։ Մենք տեսախցիկներից հանել ենք շուրջ 15 տեսանյութ, հետո պարզվել է, որ կան ևս մի քանի տասնյակ տեսագրություններ»,- ասել է տնօրենը։
Հովակիմյանի խոսքով՝ իրենք սկզբնական շրջանում իրավապահ մարմիններին չեն դիմել՝ կարծելով, թե իրավիճակը ժամանակի ընթացքում կհանդարտվի։
«Մտածում էինք՝ ոչ ադեկվատ վիճակում է: Հույս ունեինք, որ ամեն ինչ կավարտվի, դրա համար ընթացք չտվեցինք»,-ասաց նա։
Այս իրադարձություններից հետո, ինչպես հայտնի է, Ավետ Կոնջորյանը ծեծի է ենթարկվել։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Միլոն Մայնինգ» ընկերության փոխտնօրեն Նաիրի Հակոբյանի, ևս մի քանի հոգու նկատմամբ։
Սակայն մինչ այս պահը Ավետ Կոնջորյանի մասով որևէ գործընթաց չկա, թեև բազմաթիվ տեսանյութեր են հայտնվել համացանցում, որոնցում Կոնջորյանը պարբերաբար հանրային վայրում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում Նաիրի Հակոբյանի ընտանիքի հասցեին:
Աղբյուրը՝ «Իշխանություն» լրատվական։