Հայաստանը զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը Henley Passport Index 2026-ի հուլիսյան վարկանիշում

Հայկական անձնագրի տերերը կարող են այցելել 65 երկիր և տարածք՝ առանց նախնական վիզա ստանալու կամ վիզան ձևակերպել ժամանելուն պես


ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը Henley Passport Index 2026-ի հուլիսյան վարկանիշում՝ իջնելով երկու հորիզոնականով հունվարյան թարմացման համեմատ:


Հրապարակված տվյալների համաձայն՝ հայկական անձնագրի տերերը կարող են այցելել 65 երկիր և տարածք՝ առանց նախնական վիզա ստանալու կամ վիզան ձևակերպել ժամանելուն պես:


Վարկանիշի նախորդ՝ հունվարյան թողարկումում Հայաստանը գտնվում էր 71-րդ տեղում, իսկ առանց վիզայի ռեժիմով կամ ժամանման պահին վիզայի ձևակերպմամբ ուղղությունների թիվը կազմում էր 66: Այսպիսով, կես տարվա ընթացքում հանրապետությունը կորցրել է մեկ առանց վիզայի հնարավորություն և երկու հորիզոնական համաշխարհային վարկանիշում:


Հուլիսյան վարկանիշի առաջատարն է Սինգապուրը, որի քաղաքացիներն ունեն առանց վիզայի մուտքի հնարավորություն դեպի 192 ուղղություն: Երկրորդ տեղում են Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները (188 ուղղություն), որոնց հաջորդում է Շվեդիան (187):


Henley Passport Index-ը հրապարակվում է Henley & Partners ընկերության կողմից՝ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալների հիման վրա և գնահատում է 199 անձնագրերի տերերի տեղաշարժման ազատությունը աշխարհի 227 ուղղություններով: Վարկանիշի հոբելյանական՝ 20-րդ թողարկումը ներկայացվել է 2026 թվականի հուլիսի 21-ին:


 

Leave a comment