Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չինական ավտոմեքենաները վտանգում են Եվրոպայի ավտոարդյունաբերությունը

Եվրոպական ավտոարդյունաբերությունը հայտնվել է աճող ճնշման տակ՝ Չինաստանից ավտոմեքենաների մատակարարումների կտրուկ աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգան նահանգում գտնվող General Motors-ի գործարանում ունեցած ելույթի ժամանակ։

Թրամփի խոսքով՝ եվրոպական շուկան արագորեն լցվում է չինական ավտոմեքենաներով, ինչի հետևանքով Եվրոպայի խոշոր ավտոարտադրողները, այդ թվում՝ Mercedes-Benz, BMW և Volkswagen, բախվում են լուրջ մրցակցային ճնշման։ Նա նշել է, որ չինական ընկերությունների դիրքերի ամրապնդումը սպառնալիք է եվրոպական ավանդական ավտոմոբիլային ապրանքանիշերի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական խոշոր ավտոարտադրողները պատրաստվում են լայնածավալ կադրային կրճատումների՝ չինական մրցակցության սրման պայմաններում։ Ըստ պարբերականի՝ Volkswagen-ը մինչև 2030 թվականը կարող է կրճատել մինչև 100 հազար աշխատատեղ, Mercedes-Benz-ը սկսել է կամավոր ազատման ծրագրեր, իսկ BMW-ն նախատեսում է կրճատել շուրջ 10 հազար աշխատակցի և նվազեցրել է շահույթի իր կանխատեսումը։

Financial Times-ի տվյալներով՝ մայիսին Volkswagen, Mercedes-Benz, Stellantis և Renault ընկերությունները կորցրել են եվրոպական շուկայի մասնաբաժին, մինչդեռ չինական արտադրողների, այդ թվում՝ BYD-ի և Chery-ի, համատեղ մասնաբաժինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 10%-ը։ Միաժամանակ եվրոպական ավտոկոնցեռնները շարունակում են բախվել Չինաստանում վաճառքների անկմանը և ԱՄՆ շուկայում աճող առևտրային ռիսկերին։

Leave a comment