ՀՀ վարչապետը կմասնակցի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության որդեգրած խաղաղապահ առաքելությանը


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին կմասնակցի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։


«Ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղապահ առաքելությանը, այդ թվում՝ «Խաղաղության խորհրդի» գործունեությանը, որի կանոնադրությունը ստորագրել եմ հունվարի 22-ին Դավոսում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ: Ես ստացել և ուրախությամբ ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ մասնակցելու Խորհրդի առաջին նիստին, որը կկայանա սեպտեմբերի 19-ին», – հայտարարել է Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ընթացքում:


Հայաստանը «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի վճարման մասնակցության հիմունքներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացել է «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ միանալու պաշտոնական հրավեր և ընդունել այն:


Խաղաղության խորհրդի ստեղծման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2026 թվականի հունվարի 16-ին: Այս կազմակերպության հիմնադրումը նախատեսված է Գազայի համար ամերիկյան առաջնորդի խաղաղության ծրագրով և ենթադրում է, ի թիվս այլոց, միջազգային ուժերի տեղակայում:


Խորհրդի՝ որպես միջազգային կազմակերպության նպատակն է նպաստել կայունությանը, ապահովել խաղաղություն և վերականգնել «հուսալի ու օրինական» կառավարումն այն տարածաշրջաններում, որտեղ տեղի են ունեցել հակամարտություններ կամ առկա է դրանց առաջացման ռիսկը:


Leave a comment