Գտնվում ենք արհեստական բանականության նախնադարում. Շողակաթ Մելքե Գալստյան

Բաժանորդագրվել

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվելու է ցերեկային ծրագիր, որը տեղի է ունենալու օգոստոսի 1-ին՝ ժամը 12:00-ից մինչև 19:00-ն, իսկ օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև 22:00-ն:

«Մեր առօրյան լի է ծեսերով՝ առավոտյան սուրճից մինչև տան մաքրությունը։ Ծեսն օգտագործվում է որպես սոցիալական սոսինձ, համայնքի և սերունդների երկխոսության տիրույթ, որտեղից հետո դու էլ նույն մարդը չես»,- «Ուրիշ նորություններում» ասում է «Հոսք» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շողակաթ Մելքե Գալստյանը:

Անդրադառնալով արվեստում արհեստական բանականության (ԱԲ) դերին՝ Շողակաթը նկատեց, որ այն չպետք է դիտարկել որպես մրցակից, այլ որպես հզոր գործիք արվեստագետի ձեռքում։

«Մենք հիմա գտնվում ենք արհեստական բանականության նախնադարում, որտեղ այն ստեղծվում է մեզ հետ, և մենք առաջիններն ենք։ 50 կամ 100 տարի անց մարդիկ ասելու են՝ հնում արհեստական բանականությունն օգտագործում էին այսպես», — նշում է Շողակաթ Մելքե Գալստյանը:

Խոսելով Notation լաբորատորիայի և փառատոնի մասին՝ նա նշեց, որ այսօր մենք ապրում ենք «դաժան խաղի կանոններում», որտեղ համագործակցությունը հաճախ սխալմամբ ընկալվում է որպես ռեսուրսների կորուստ, մինչդեռ իրենք ձգտում են փոխել այդ մոտեցումը:

«Արվեստի նորարարությունները չպետք է պտտվեն միայն արվեստի համայնքում, դրանք պետք է դուրս գան։ Հանրությունն այսօր շատ ավելի պատրաստ է ժամանակակից գաղափարների, քան մենք պատկերացնում ենք», — եզրափակեց Շողակաթ Մելքե Գալստյանը:

Հավելենք՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվելու է ցերեկային ծրագիր, որը տեղի է ունենալու օգոստոսի 1-ին՝ ժամը 12:00-ից մինչև 19:00-ն, իսկ օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև 22:00-ն: Երեկոյան և գիշերային ծրագիրը, որը ներառում է էլեկտրոնային երաժշտություն ու ինստալյացիաներ, անցկացվելու է «Հայֆիլմի» տարածքում:

Leave a comment