Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz Group AG-ի՝ գործառնական շահույթը 2026 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 21.5%-ով՝ հասնելով 1.55 մլրդ եվրոյի, նշվում է ընկերության հաշվետվությունում։
Visible Alpha-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 1.6 մլրդ եվրո։
Ավտոարտադրողի զուտ շահույթն աճել է 16.4%-ով՝ հասնելով 1.07 մլրդ եվրոյի։ Հասույթը նվազել է 3.3%-ով՝ մինչև 32.06 մլրդ եվրո։
Մարդատար ավտոմեքենաներ արտադրող Mercedes-Benz Cars ստորաբաժանման հասույթը նախորդ եռամսյակում նվազել է 4.9%-ով՝ կազմելով 22.99 մլրդ եվրո։ Վաճառքները կրճատվել են 7.9%-ով՝ մինչև 417.77 հազար ավտոմեքենա։ Ընդ որում՝ Չինաստանում վաճառքները նվազել են 29.8%-ով։ Առանց Չինաստանի ցուցանիշը հաշվի առնելու՝ վաճառքներն աճել են մոտ 2%-ով։
Թեթև առևտրային ավտոմեքենաներ արտադրող Mercedes-Benz Vans ստորաբաժանման հասույթն աճել է 5.1%-ով՝ հասնելով 4.46 մլրդ եվրոյի։ Վաճառքներն ավելացել են 0.7%-ով՝ մինչև 94.08 հազար ավտոմեքենա։
Ավտոարտադրողն այժմ ակնկալում է, որ 2026 թվականին ընկերության համախառն հասույթը և մարդատար ավտոմեքենաների վաճառքները փոքր-ինչ ցածր կլինեն նախորդ տարվա մակարդակից։ Նախկինում ընկերությունը կանխատեսում էր, որ դրանք մոտավորապես կհամապատասխանեն անցյալ տարվա ցուցանիշներին։ Գործառնական շահույթը, ինչպես և նախկինում, ակնկալվում է նախորդ տարվա համեմատ էականորեն բարձր մակարդակում։
Ընկերության կայքում նշվում է, որ հունիսին Mercedes-Benz-ն ավելի է ակտիվացրել բիզնեսի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Գերմանիայում գործող ձեռնարկություններին։
Ընկերությունը նաև հայտնել է պաշտպանության և անվտանգության ոլորտում աշխատանքներն ավելի ակտիվացնելու մտադրության մասին։ Հունիսին այն հայտարարեց Tytan ստարտափի հետ գործընկերության մասին՝ անօդաչու թռչող սարքերի որսման համակարգ մշակելու նպատակով։