ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ

Հասարակություն

28.07.2026 | 13:51

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը՝ բուհը գնահատելով որպես հայ-ռուսական գիտակրթական համագործակցության կարևոր հարթակ։

«ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս տարի բուհը ճանապարհել է 966 շրջանավարտի:

«Ռուս-Հայկական համալսարանը կարևոր առաքելություն է իրականացնում՝ Հայաստան բերելով բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության միջազգային լավագույն փորձը, որից օգտվելու հնարավորությունը մեծ արժեք է մեր երիտասարդների, մեր գիտակրթական համակարգի և, ընդհանրապես, պետության համար»,- ողջույնի խոսքում ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություններ ու մասնագիտական նոր նվաճումներ:

Ընդգծելով, որ Ռուս-Հայկական համալսարանը գիտակրթական կարևոր հարթակ է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ որպես երկու պետությունների համագործակցության առանցքային հանգույց, նախարարի տեղակալը նշել է, որ նախընթաց տարում վավերացվել է Ռուս-Հայկական համալսարանի գործունեության միջպետական նոր համաձայնագիրը, որը նախանշում է բուհի հետագա զարգացումը։

Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ շրջանավարտները բուհում ստացած գիտելիքներով ու կարողություններով ներդրում են ունենալու մեր պետության զարգացման, գիտական, տնտեսական և հասարակական առաջընթացում։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment