Համաշխարհային ֆոնդային շուկաներում արհեստական բանականության ոլորտի ընկերությունների արժեթղթերը կտրուկ էժանացել են։ ԱԲ ոլորտի տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը համաշխարհային շուկաներում թափ է հավաքում, հաղորդում է CNBC-ն։
Օրերս ասիական բորսաներում Samsung-ի և SK Hynix-ի արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել, ինչի հետևանքով հարավկորեական Kospi ինդեքսը նվազել է 10%-ով։ Վերջերս Ուոլ Սթրիթում Nvidia-ի բաժնետոմսերը վաճառողների ճնշման տակ են հայտնվել այն տեղեկությունների ֆոնին, որ ընկերությունը OpenAI-ի հետ բանակցում է ենթակառուցվածքների զարգացման համար 250 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրելու շուրջ։ Արդյունքում Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 5%-ով, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան իջել է՝ կազմելով 4.8 տրլն դոլարից մի փոքր պակաս։
Nvidia-ի արժեքի նվազումը Apple-ին թույլ է տվել վերականգնել աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը՝ 4.95 տրլն դոլար գնահատմամբ։ Շղթայական արձագանքից տուժել են նաև ասիական շուկաները․ ճապոնական Nikkei ինդեքսը տեխնոլոգիական խոշոր ընկերությունների գլխավորությամբ կտրուկ անկում է գրանցել, իսկ Kospi-ի ցուցանիշը հունիսյան առավելագույնների համեմատ նվազել է մոտ 45%-ով։