Մեծ Բրիտանիայում միլիոնատերերի թիվը հասել է ֆինանսական ճգնաժամից ի վեր նվազագույնին

Մեծ Բրիտանիայում ֆունտ ստեռլինգով միլիոնատերերի թիվը նվազել է՝ հասնելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ռեկորդային ցածր մակարդակի։ Այս մասին վկայում են բրիտանական Ադամ Սմիթի ինստիտուտի հետազոտության արդյունքները։

Հետազոտության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում բնակվում է շուրջ 442 հազար ֆունտային միլիոնատեր, ինչը 7%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։

Հետազոտողները իրավիճակը բացատրում են տոկոսադրույքների բարձրացմամբ, բրիտանական տնտեսության նկատմամբ վստահության պակասով, խնայողությունների ցածր մակարդակով, ինչպես նաև ունևոր անձանց՝ Մեծ Բրիտանիայում ապրելու կամ այնտեղ բնակության տեղափոխվելու աճող դժկամությամբ։

Ադամ Սմիթի ինստիտուտի ներկայացուցիչ Միտչել Փալմերը հայտարարել է, որ միլիոնատերերի թվի նվազումը պետք է դիտարկել որպես «նախազգուշացնող ազդանշան»։

«Յուրաքանչյուր հեռացող միլիոնատեր նշանակում է ավելի քիչ կապիտալ բրիտանական բիզնեսների համար, ավելի քիչ միջազգային կապեր և տնտեսությունում ավելի թույլ ձեռնարկատիրական ոգի», — ասել է նա։

Վերլուծական կենտրոնը զգուշացրել է, որ հնարավոր ունեցվածքի հարկի սահմանումը կարող է էլ ավելի արագացնել ունևոր անձանց արտահոսքը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը նախկինում հայտարարել էր, որ երկրում «աշխատանքը չափազանց հարկված է, իսկ ունեցվածքը՝ անբավարար» և չէր բացառել նման հարկի ներդրումը։

Բարձր տոկոսադրույքներն ու թանկարժեք տների նկատմամբ նախատեսվող հարկը բացասաբար են ազդել նաև բարձրարժեք անշարժ գույքի շուկայի վրա։ 2022 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայում 1 մլն ֆունտից բարձր արժեք ունեցող տների թիվը նվազել է 9%-ով՝ հասնելով 673 հազարի։

Leave a comment