ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը համաձայնել է Գազայի հատվածում շարժման զինված կազմավորումների փուլային զինաթափման վերաբերյալ խաղաղության ծրագրի դրույթներին։ Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Գազայի հատվածում արտասահմանում գտնվող շարժման ղեկավարությանը տեղեկացրել է խաղաղության ծրագրի երկու կետերի՝ զինաթափման և քաղաքացիական կառավարման համակարգի աշխատակիցներին վերաբերող դրույթների ընդունման մասին։
Նախաձեռնության 5-րդ կետը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցների տարանջատումը Գազայի հատվածի քաղաքացիական կառավարման համակարգից, ինչպես նաև քաղաքացիական կառույցներում աշխատող անձնակազմից։
Ծրագրի 8-րդ կետի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի զինված կազմավորումների զինաթափումը պետք է իրականացվի փուլային եղանակով և միջազգային վերահսկողության ներքո։ Միևնույն ժամանակ, շարժման կողմնակիցների զենքը պետք է փոխանցվի ոչ թե Իսրայելին, այլ նոր պաղեստինյան կառույցներին, որոնք կգործեն Խաղաղության խորհրդի հովանու ներքո և դրա հետ համակարգմամբ։