Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը հուլիսի 22-ին մուտք է եղել դատարան:

Այս մասին տեղեկությունը հասանելի է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Վարույթը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։

Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող` Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար:

Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Leave a comment