Հայաստանը մոտ է ԱՄՆ–ի կողմից շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ ստանալուն, սակայն դեռ պետք է երկար սպասել․ բիզնես խորհրդատու (ԲԱՑԱՌԻԿ)

Հայաստանն այսօր ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (Market Economy Status) ստանալուն զգալիորեն ավելի մոտ է, քան 2000-ականների սկզբին էր


ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն այսօր ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (Market Economy Status) ստանալուն զգալիորեն ավելի մոտ է, քան 2000-ականների սկզբին էր: Սակայն դրա համար անհրաժեշտ է անցնել տնտեսական համակարգի մասշտաբային և մանրամասն գնահատում: Նման կարծիք «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ameria-ի կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։


Հուլիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերը քննարկել են Հայաստանին Market Economy Status կարգավիճակ տրամադրելու հարցը: Հանդիպման արդյունքներով որոշում չի ընդունվել, սակայն հարցն պաշտոնապես ներառվել է երկկողմ օրակարգում:


Ջրբաշյանի խոսքով՝ շուկայական տնտեսության կարգավիճակը երկրին տրամադրում է ավելի բարենպաստ պայմաններ առևտրային կարգավորման, արտահանման և ներմուծման վերահսկողության, ինչպես նաև ներդրումային համագործակցության շրջանակում:

«Ես այս հարցով զբաղվել եմ դեռևս երկու հազարականների սկզբին, երբ քննարկվում էր Եվրոպական միության կողմից Հայաստանին Market Economy Status-ի տրամադրումը: Այն ժամանակ մենք մեծ զեկույց պատրաստեցինք այս հարցի վերաբերյալ», — նշեց փորձագետը:


Ջրբաշյանն ասաց, որ որևէ պետության կողմից Market Economy Status ունեցող երկիրն ավելի մեծ հասանելիություն է ստանում շուկաներին, ներդրումներին և համատեղ նախագծերին: Որպես կանոն, նման ռեժիմները ստեղծվում են երկրների միջև առևտրի կարգավորումը հեշտացնելու համար:


Նա ընդգծեց, որ նման կարգավիճակ ստանալը քաղաքական որոշում չէ, այլ ազգային տնտեսության գնահատման երկարատև և համալիր գործընթաց:


«Եթե իրավիճակը համեմատենք երկու հազարականների սկզբի հետ, ապա Հայաստանն այժմ շատ ավելի մոտ է Market Economy Status-ին, քան նախկինում: Բայց սա շատ խիստ հարցաթերթիկ է, որին պետք է մանրամասն պատասխանել: Սա լուրջ հետազոտություն է», – ասաց փորձագետը:


Ջրբաշյանը հիշեցրեց, որ Եվրոպական միության համար նմանատիպ գնահատական պատրաստելիս մշակվել էր մոտ հազար էջանոց զեկույց:


«Դա յուրաքանչյուր շուկայի, յուրաքանչյուր կարգավորման, յուրաքանչյուր ռեսուրսի մանրամասն նկարագրությունն էր: ԵՄ փորձագետները գրեթե մեկ ամիս աշխատել են Հայաստանում, մեզ հետ քննարկել են նյութերը, ստուգել տեղեկատվությունը և հանդիպել պետական կառույցների հետ», — պատմեց նա:


Փորձագետի խոսքով՝ նման գնահատականները օգտակար են ոչ միայն միջազգային գործընկերների, այլև հենց երկրի համար:


«Դա թույլ է տալիս կողքից նայել Հայաստանի տնտեսությանը և հասկանալ, թե որտեղ են գտնվում բացերը, որոնք անհրաժեշտ է վերացնել: Կարծում եմ, որ ցանկացած երկրի համար ժամանակ առ ժամանակ օգտակար է «նման վարժություն անել»՝ համակարգված և համալիր գնահատելու համար, թե որքանով է այն համապատասխանում ժամանակակից շուկայական տնտեսության պահանջներին», — հայտարարեց Ջրբաշյանը:


Market Economy Status կարգավիճակը նշանակում է այն բանի ճանաչում, որ երկրում գները, արտադրության ծախսերը և ռեսուրսների բաշխումը ձևավորվում են գերազանցապես շուկայական մեխանիզմներով, այլ ոչ թե պետական կարգավորմամբ: Նման կարգավիճակը կարևոր նշանակություն ունի հակադեմպինգային հետաքննությունների անցկացման, առևտրի կարգավորման, ներդրումների ներգրավման և այն տրամադրող պետության հետ տնտեսական համագործակցության զարգացման գործում:

Leave a comment