Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 27-ին շարունակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Դատական նիստին, որն անցկացվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ, մասնակցել են նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դատական նիստը շարունակվել է դատախազների ելույթներով։ Դատախազներ Աբբասլին, Ալեքբերովը և Գասիմովան հայտարարել են, թե, իբր, «ինչպես քրեական գործով մյուս մեղադրյալների դեպքում, Բակո Սահակյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Մադաթ Բաբայանի և Մելիքսեթ Փաշայանի մասնակցությունը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և հանցավոր համայնքի գործունեությանը հաստատվում է դատարանում հետազոտված ապացույցներով»։
Պետական մեղադրողները նշել են, թե հայ գերիները, իբր, «մեղավոր են ճանաչվել խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և այլ հանցանքների մեջ»։
Նշվել է նաև, որ հայ գերիներին առաջադրված մեղադրանքները, իբր, «հիմնավորված են վկաների ցուցմունքներով, փորձագիտական եզրակացություններով, հայտարարություններով, բազմաթիվ քննչական գործողությունների արձանագրություններով, փաստաթղթերով և քրեական գործի նախաքննության ընթացքում հավաքված, դատաքննության ընթացքում ներկայացված և հետազոտված այլ ապացույցներով»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի