Մեծ Բրիտանիայում չեն սպասում, որ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը հետևանքներ կունենան տնտեսության համար

ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանման որոշումը չի անդրադառնա Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության ներկայացուցչին։

«Այս հայտարարության արդյունքում բրիտանական բիզնեսի համար մաքսատուրքերի դրույքաչափերը չեն փոխվել», – ասել է նա։

Սակայն նոր մաքսատուրքերից տուժած մի շարք այլ երկրներում որոշումը քննադատության է արժանացել։

Ավստրալիայի առևտրի նախարար Դոն Ֆարելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը «համատեղելի չեն ազատ առևտրի համաձայնագրի հետ և պետք է չեղարկվեն»։

Բրազիլիան, իր հերթին, ԱՄՆ-ի որոշումը անվանել է «կամայական և անհիմն» և սպառնացել պատասխան մաքսատուրքերով։

Ավելի վաղ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի՝ Ջեյմիսոն Գրիրի գրասենյակից հայտնել էին, որ Միացյալ Նահանգները նոր ներմուծման մաքսատուրքեր է սահմանում 60 երկրի նկատմամբ՝ նման միջոցները բացատրելով հարկադիր աշխատանքի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։

«Որոշումը նախատեսում է 10% կամ 12.5% մաքսատուրքերի սահմանում 60 առևտրային գործընկերների նկատմամբ՝ հաշվի առնելով որոշակի բացառություններ», – ասվում էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կկազմեն 12.5%։

Դրանք կփոխարինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ժամանակավոր՝ 10% համաշխարհային մաքսատուրքի դրույքաչափին։ 150 օր ժամկետով սահմանված այս մաքսատուրքերի գործողության ժամկետը լրանում է ուրբաթ օրը։ Թրամփն այս միջոցները սահմանել էր փետրվարին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր 2025 թվականին ընդունված մաքսատուրքերը։

Leave a comment