Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում

Հայաստանի ներկայացուցիչներ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Վազգեն Մնացականյանը (65 կգ) պարտվեցին կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնեն Բաքվում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում։

Արարատ Ավետիսյանը մեքսիկացի (14։7) և ուզբեկ (9։3) մրցակիցներին հաղթելուց հետո եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց ղազախ Ալի Ալմասի հետ ու պարտվեց 1։4 հաշվով։ Հուլիսի 28-ին Ավետիսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Վազգեն Մնացականյանը (65 կգ) կիսաեզրափակիչում 0:8 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Շամիլ Լաբազանովին։ Հայ ըմբիշը մեկնարկել էր որակավորման փուլից և հաղթել իրանցի (7։4), ղրղզ (5։2) ու խորվաթ (4։3) ըմբիշներին։

Հուլիսի 27-ին պայքարի մեջ էին մտել նաև Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ), որոնք նույնպես պարտություն են կրել։ Եղիազարյանը և Խաչատրյանը պարտվել էին հաղթանակով մեկնարկելուց հետո, իսկ Հովեյանը տարել էր երկու հաղթնակ ու պարտություն կրել քառորդ եզրափակիչում։

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև 45 կգ Վազգեն Վարդանյանը (45 կգ), Գևորգ Հարությունյանը (51 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ), Ջանես Նազարյանը (71 կգ), Ալեքսան Շալջյանը (92 կգ), որոնք պայքարը կսկսեն հուլիսի 28-ին:

Leave a comment