Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի

Քաղաքականություն

27.07.2026 | 17:11

Թուրքական TUSAŞ ավիատիեզերական ընկերությունն Ադրբեջանի հետ HÜRKUŞ ուսուցողական ինքնաթիռների մատակարարման համաձայնագրի ստորագրման վերջին փուլում է։ Ընկերության գործադիր տնօրեն Մեհմեթ Դեմիրօղլուն այս մասին հայտարարել է Haber Türk հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ HÜRKUŞ-2 ինքնաթիռի արդիականացված տարբերակն ամբողջությամբ ավարտել է փորձարկման և հավաստագրման ծրագիրը, որից հետո սկսվել են մատակարարումները։

«Մենք գրեթե հասել ենք Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման փուլին։ Կարող ենք ասել, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման»,- նշել է Դեմիրօղլուն։

Ըստ նրա՝ HÜRKUŞ-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Պարսից ծոցի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրների կողմից։ TUSAŞ-ի ղեկավարի խոսքով՝ պոտենցիալ հաճախորդները դիտարկում են ինքնաթիռի ինչպես ուսումնական, այնպես էլ զինված տարբերակների ձեռքբերումը։

HÜRKUŞ 2-ն առաջին թռիչքը կատարել է 2024 թվականի դեկտեմբերին: Ընկերության տվյալներով՝ նոր մոդելն ավելի արագ է, թեթև և ավելի մանևրային, քան նախորդ տարբերակները՝ շնորհիվ թարմացված դիզայնի, բարելավված աերոդինամիկայի և ժամանակակից խցիկի սարքավորումների:

TUSAŞ-ը HÜRKUŞ 2-ն անվանում է իր դասի ամենամանևրային ինքնաթիռներից մեկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment