Հասարակություն
27.07.2026 | 14:56
Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ Կոնջորյանի ծեծի միջադեպի մասին այսօր հայտնի դարձավ․ ՆԳՆ-ից հայտնեցին, որ հուլիսի 25-ին ժամը 14։00-ի սահմաններում դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել։ «Ձեռնարկված անհետաձգելի և ծավալուն գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է»։
Քննչական կոմիտեից էլ Factor TV-ին հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Այսօր առավոտյան միջադեպից տեսանյութ և որոշ մանրամասներ էր հրապարակել լրագրող Գայանե Զարգարյանը՝ նշելով, որ Կոնջորյանը ծեծի է ենթարկվել հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ։ Լրագրող Վահե Մակարյանն իր էջում ևս տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցել է Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Հակոբյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին:
Ռոզա Վարդանյան