Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ անդրադառնալով ինչպես Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու քաղաքականությանը, այնպես էլ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև միջուկային համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Բաղայիի խոսքով՝ Զելենսկու վարքագիծը հիշեցնում է այն անարխիստների գործողությունները, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին իրականացրել են «թատերական և չափազանց վտանգավոր գործողություններ», որոնց հետևանքներն ազդել են ամբողջ Եվրոպայի վրա։
«Ուկրաինական ռեժիմը չորս տարի առաջ իր երկիրը վերածեց աշխարհաքաղաքական տերությունների միջև հակամարտության գործիքի։ Այդ ընթացքում այն մեղադրանքներ է ներկայացրել տարբեր երկրների հասցեին։ Փոխանակ կենտրոնանալու խնդրի լուծման և իր երկիրն ու տարածաշրջանը փրկելու վրա այն պատերազմից, որը պարտադրել է Արևելյան Եվրոպային և, որոշ իմաստով, ամբողջ աշխարհին, նա մշտապես մեղքը բարդում է ուրիշների վրա», — հայտարարել է Բաղային։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև միջուկային համագործակցությանը՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ համաձայնագիրը, ըստ երևույթին, նույնիսկ 24 ժամ չի պահպանվել։
«Իսրայելն սկզբունքորեն դեմ է տարածաշրջանի երկրներին որևէ տեխնոլոգիայի փոխանցմանը և տեղական ցանկացած առաջընթացի։ Ինչ վերաբերում է բուն համաձայնագրին, ապա, դատելով Միացյալ Նահանգների գործելակերպից, այն նույնիսկ 24 ժամ չգոյատևեց, և արդեն նոր պայմաններ են առաջադրվել», — ասել է նա։
Բաղային նաև ընդգծել է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը բոլոր երկրների իրավունքն է՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ)՝ հավելելով, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների հիմնական պատճառը Թեհրանի՝ այդ իրավունքներից չհրաժարվելու դիրքորոշումն է։