Իրանցի պատգամավոր Ազիզին սպառնացել է պատասխան տալ Ուկրաինային՝ նավին հարվածելու համար
Իրանն անպատասխան չի թողնի Ուկրաինայի գործողությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին՝ անդրադառնալով Կասպից ծովում իրանական նավին Կիևի հասցրած հարվածին։
«Իրանին ուղղված յուրաքանչյուր հարվածի համար միշտ էլ պետք է վճարել, սա արդիական է նաև այսօր․ ԱՄՆ-ն ու Իսրայելն արդեն լավ գիտեն այդ մասին։ Ուկրաինան նույնպես, թերևս, շուտով կհասկանա, որ Իրանն անպատասխան չի թողնում նման քայլերը։ Սխալ հաշվարկ արածների ցուցակը շարունակում է համալրվել»,- X-ում գրել է նա։
Հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով անձնակազմի անդամներից մեկը զոհվել է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Կիևն այդ քայլին դիմել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպային Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։