ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները դադարել են գրեթե երկու շաբաթ տևած գիշերային ռմբակոծություններից և ԱՄՆ-ի դաշնակիցների վրա իրանական հարձակումներից հետո։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը վերջին երեք օրերի ընթացքում չի հայտարարել Իրանի դեմ նոր հարվածների մասին, գրում է CNN-ը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններին «որոշակի տարածք» է տալիս , այն բանից հետո, երբ վերջին մի քանի օրերի ընթացքում ակտիվացել են դիվանագիտական ջանքերը։
«Բանակցությունները շարունակվում են։ Դրանք տեղի են ունենում բոլոր մակարդակներում՝ ավելի տեխնիկականից մինչև ամենաբարձր մակարդակները»,- NBC-ին ասել է Ուոլցը։
Նա, սակայն, կրկնել է Թրամփի նախազգուշացումը՝ ԱՄՆ զինված ուժերը «պատրաստ են», նախագահը «բոլոր տարբերակները պահում է սեղանին»։ Ուոլցը նաև հայտարարել է, թե «իրանական ռեժիմի ներսում առկա ներքին տարաձայնությունները բանակցությունները մարտահրավեր են դարձրել»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Թրամփը և բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են պատերազմի լուրջ սրման հնարավորությունը, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը մտահոգություն է հայտնել ԱՄՆ զինամթերքի պաշարների, ինչպես նաև այլ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։
NBC-ին տված հարցազրույցում Ուոլցը, կարծես, խոստովանել է, որ «պաշարների զգալի մասը սպառվել է», մեղադրելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մատակարարումները։ Նա, միաժամանակ, պնդել է՝ ամերիկյան զինված ուժերն «ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս արշավը այնքան արդյունավետ անցկացնելու համար»։
Իրանական պաշտոնական աղբյուրը, իր հերթին, ասել է՝ սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը «զգում է ռազմավարական որոշումների կայացման հոգնածություն»։
«Մենք դեռևս չենք կարող ամերիկացիների կողմից որևէ հստակ ռազմավարություն բացահայտել», – Իրանի պետական հեռուստատեսությանը հայտարարել է բանակի խոսնակ Ամիր Ակրամինիան՝ պնդելով, որ ԱՄՆ-ը «զգում է ռազմավարական որոշումներ կայացնելու հոգնածություն»։
Նա ասել է, որ ԱՄՆ-ը չի կարողացել հարկադրաբար բացել Հորմուզի նեղուցը կամ թուլացնել ու ոչնչացնել Իրանի պաշտպանական կարողությունները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի