Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան

Հասարակություն

27.07.2026 | 10:40

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում գործել է իր հետ փոխկապակցված ընկերության օգտին, որի հետ կնքվել է 75 մլն դրամի պայմանագիր։ Նրան մեղադրանք է ներկայացվել, պաշտոնավարումը՝ կասեցվել, իսկ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, ծառայողական լիազորություններն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով էական վնաս է պատճառել ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճանապարհային նշանների տեղադրման գնման մրցույթում ճանաչվել է հաղթող և կողմերի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր։

Սակայն քաղաքապետարանի պաշտոնատար անձը, նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ ՍՊ ընկերության, պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք։ Այնուհետև, անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը, հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը, և կնքվել է 75 մլն դրամ արժեքով պայմանագիր։

Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է  հաղորդագրությունում։

Leave a comment