ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներից հարստացված ուրանի պաշարների առգրավման լայնածավալ հատուկ գործողության հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով ռազմական պլանավորմանը ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հնարավոր գործողությանը կարող են ներգրավվել հազարավոր զինծառայողներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ինժեներական խմբեր և միջուկային նյութերի հետ աշխատող մասնագետներ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ գործողությունը կպահանջի միջուկային օբյեկտների շուրջ պահպանվող անվտանգության գոտու ստեղծում, տարածքների ականազերծում, ինչպես նաև միջուկային նյութերի հետագա տարհանում։
Միաժամանակ նշվում է, որ Պենտագոնը և Սպիտակ տունը պաշտոնապես չեն հաստատել նման ծրագրի գոյությունը։ New York Post-ի զրուցակից փորձագետների գնահատմամբ՝ նման առաքելությունը կարող է դառնալ ժամանակակից ռազմական պատմության ամենաբարդ գործողություններից մեկը։