«Armenia Marriott»-ը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ գրանցված հիվանդության դեպքերից հետո (ԲԱՑԱՌԻԿ)

«Armenia Marriott»-ը  հետաքննություն է սկսել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո հիվանդության դեպքերի կապակցությամբ, «ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են հյուրանոցից


ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Armenia Marriott»-ը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո հիվանդության դեպքերի կապակցությամբ, «ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են հյուրանոցից։


«Հանդիսանալով Ֆրանսիայի դեսպանատանը վերջերս կազմակերպված միջոցառման սնունդի մատակարարներից մեկը, մենք խորապես մտահոգված ենք հիվանդության դեպքերի արձանագրման հետ կապված», — հայտարարել է «Armenia Marriott»-ի վաճառքների և մարքեթինգի տնօրեն Սուսաննա Մուսայելյանը։


Նրա խոսքով՝ հյուրերի և հաճախորդների առողջությունը, անվտանգությունը և բարօրությունն իրենց կարևորագույն առաջնահերթություններն են, և իրենք լրջագույնս են վերաբերվում սնունդի անվտանգությանը:  


«Նշված դեպքերից հետո մենք ձեռնամուխ ենք եղել հետաքննության և և մեր խոհանոցի սնունդից ձևանմուշներ ուղարկվել են լաբորատոր հետազոտության», – հայտնել է Մուսայելյանը։


Նա նշել է, որ «Armenia Marriott»-ում գործում են սնունդի հետ աշխատելու հստակ ընթացակարգ և կանոնակարգ, որը համապատասխանում է հանրային առողջության տեսչության չափանիշներին։


«Մենք լիովին աջակցելու են այս դեպքի հետ կապված ցանկացած հետաքնությանը»,-ընդգծել է Մուսայելյանը։


Ավելի վաղ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր «Armenia Marriott»-ում սպասվող ստուգման մասին՝ Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության մասնակիցների շրջանում սուր աղիքային վարակի դեպքերից հետո։


Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 17-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Տեսչական մարմնին տեղեկացրել է, որ բուժհաստատություններ է դիմել 10 անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։


Համաճարակաբանական հետաքննությունը ցույց է տվել, որ բոլոր հիվանդացածները հուլիսի 14-ին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությանը։


Տեսչական մարմնից հայտնել են, որ միջոցառման քեյթրինգային սպասարկումը «Armenia Marriott»-ի կողմից ապահովվելու մասին տեղեկատվությունը դեսպանատնից ստացվել է հուլիսի 23-ի երեկոյան։


Գերատեսչությունը նշել է, որ մինչ այդ պահը ընդունելության կազմակերպման ժամանակ օգտագործված մթերքների խմբաքանակներն արդեն ամբողջությամբ սպառված են եղել և հասանելի չեն եղել հետազոտության համար։


Այդուհանդերձ, «Armenia Marriott»-ում կանցկացվի տեսչական վերահսկողություն։ Դրա արդյունքները նախատեսվում է հրապարակել ստուգման ավարտից հետո։


 


 


 


 


 


 


 

Leave a comment