Բելգիայի դաշնային դատախազությունը լրտեսության և հանցավոր կազմակերպության գործունեությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել է ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբում պրակտիկա անցնող, չինական ծագում ունեցող Կանադայի քաղաքացու։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Դատախազության տվյալներով՝ քննության շրջանակում խուզարկություններ են իրականացվել կասկածյալի բնակության և աշխատանքի վայրերում, որից հետո դատարանը թույլատրել է նրա կալանավորումը։
Պաշտոնապես չի բացահայտվում, թե որ պետության շահերից ելնելով է, ըստ քննության, գործել կասկածյալը։
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ միջադեպը չի ազդել դաշինքի օպերատիվ պատրաստվածության, հրամանատարական համակարգերի կամ ընթացիկ գործողությունների վրա։ Միաժամանակ շեշտվել է, որ կազմակերպությունը լիարժեք համագործակցում է Բելգիայի իրավապահ մարմինների հետ՝ շարունակվող հետաքննության շրջանակում։