Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները

Քաղաքականություն

25.07.2026 | 16:42

Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորացնել երկու երկրների էներգետիկ համագործակցությունը և ստեղծել համատեղ մասնագիտական աշխատանքային խումբ։ Այս մասին հայտնում է TASNIM գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Մոհսեն Փաքնեժադը բարձր է գնահատել Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ Երևանը դժվար ժամանակներում աջակցել է Իրանին։ Նա վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ իր տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ։

Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստանին նավթամթերքի մատակարարումը։

Իրանի նավթի նախարարը հայտնել է նաև, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ հնարավորինս արագ ստեղծելու համատեղ մասնագիտական աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները կքննարկվեն երկկողմ բանակցությունների հաջորդ փուլում։

Փաքնեժադի խոսքով՝ ներկայում երկու երկրների էներգետիկ համագործակցությունը հիմնված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման գործող մեխանիզմի վրա։ Միաժամանակ, Իրանը Հայաստանին առաջարկել է նոր առևտրային ձևաչափ, որը նախատեսում է ավելացնել բնական գազի արտահանման ծավալները։

Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության իրականացումը պահանջում է գործող ենթակառուցվածքների համապարփակ գնահատում, ինչպես նաև ուսումնասիրություն, թե որքանով է հնարավոր Հայաստանը դարձնել տարածաշրջանային տարանցիկ հանգույց՝ գազի առևտուրը հայկական շուկայից դուրս ընդլայնելու նպատակով։

Leave a comment